Իր ոչ պակաս էքսցենտրիկ խառնվածքով ֆուտբոլային աշխարհին հայտնի «Պարի Սեն-Ժերմենի» շվեդ հարձակվող ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉՆ անդրադարձել է Կառլո Անչելոտիի անձին. «Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Անչելոտիի հետ և չէի ուզենա, որ նա հեռանար ՊՍԺ-ից: Բոլոր այն մարզիչներից, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու, նա միակն է, ով հրաշալի հարաբերություններ է հաստատել իր խաղացողների հետ: Այս հարցում նրան զիջում է անգամ Մոուրինյոն: Եթե Անչելոտին որոշում է խաղացողին թողնել պահեստայինների նստարանին, ապա անպայմանորեն բացատրում է իր որոշումը: Երբ մենք դարձանք չեմպիոն, նա մեզ հավաքեց փոքրիկ սենյակում և ամեն մեկիս անձնապես իր շնորհակալությունը հայտնեց: Նա շատ բան է ներդրել «ՊՍԺ» նախագծում և հաջողել է հասնել շատ բանի: Եթե նա լքի ակումբը, դա կհանգեցնի շտաբից ևս յոթ-ութ անդամի հեռանալուն: Նրա տեղում մեծ ճաք կառաջանա: Այնպես որ, մենք բոլորս ուզում ենք, որ որ Անչելոտին մնա»:
Տեղեկացնենք, որ 1994 թվից հետո Անչելոտին առաջին անգամ մայրաքաղաքային թիմը հասցրեց չեմպիոնական պատվանդանի: Իտալացի մասնագետի հաջողությունն աննկատ չի մնացել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության կողմից, որն ակումբից Մոուրինյոյի հեռանալուց հետո հենց նրան է ուզում տեսնել արքայական ակումբի ղեկին: Իրազեկենք նաև, որ ՊՍԺ-ից իր հնարավոր հեռանալու մասին իտալացի մասնագետը դեռևս հստակ ոչինչ չի ասել:
Հավելենք նաև, որ «Ռեալը» Անչելոտիին «կորզելուն» զուգահեռ աշխատում է նաև երկրորդ ճակատով` աչքի տակ ունենալով «Բավարիայի» ներկայիս մարզչին, ով հասցրել է հայտարարել մրցաշրջանի ավարտից հետո վաստակած հանգստի անցնելու մասին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ